Այսօր փողոցում հաճախ կարելի է հանդիպել նոսր մազերով կամ էլ պարզապես ճաղատ տղամարդկանց և կանանց: Մազաթափությունից ապահովագրված չենք և ոչ մեկս, այն կարող է լինել յուրաքանչյուրիս հետ` անկախ սեռից:
Մազաթափության պատճառները ընդունված է բաժանել Էկզոգեն (արտաքին) և Էնդոգեն (ներքին): Էնդոգեն պատճառներ` հորմոնալ ստատուսի փոփոխություններ, աուտոիմուն խանգարումներ, ինֆեկցիոն հիվանդություններ, սնուցման խանգարումներ այդ թվում և ավիտամինոզներ, ժառանգական նախատրամադրվածություն, դիսբակտերիոզ և այլն: Էկզոգեն պատճառներ` սթրեսներ, գլխամաշկի ֆիզիկական, քիմիական, ինֆեկցիոն, ճառագայթային տրավմաներ, ֆիզիկական գերլարվածություն, անբարենպաստ էկոլոգիական գործոններ,որշակի դեղերի կողմնակի ազդեցություններ և այլն: Մազաթափության տեսակները:
Ժամանակակից գրականության մեջ տարբերում են ճաղատության 5 հիմնական տեսակ, որոնցից յուրաքանչյուրի համար պահանջվում է համապատասխան բուժում:
1. Անդրոգեն ճաղատացում (տղամարդկային տիպ)
2. Մազերի ժամանակավոր կորուստ (կանացի տիպ)
3. Օջախայինճաղատացում
4. Մազերի աճի բարձր առաջնային գիծ
5. Մազերի հետվնասվածքային կորուստ:
Տղամարդկանց 95%-ի և կանանց 5%-ի մոտ լինում է անդրոգեն տիպի մազաթափությունը: Մազերը ախտահարվում են հաճախ երիկամներում տեղի ունեցող փոխանակային պրոցեսների խանգարման պատճառով, մասնավորապես տեստոստերոնի չեզոքացման և արտազատման խանգարման հետևանքով:Սեռական հասունացման ընթացքում, երբ տեստոստերոնի քանակությունը տղամարդկանց մոտ աճում է մի քանի անգամ, արդեն իսկ 20 տարեկանում հնարավոր է առաջին նշանների հայտնաբերում:
Տղամարդկային տիպ
Կանանց 95%-ի մոտ հանդիպում է մազերի ժամանակավոր կորուստ: Ի տարբերություն անդրոգեն տիպի, մազերի ժամանակավոր կորուստի ժամանակ մազաթափությունը տեղի է ունենում գագաթային մասում և առաջնային աճի գիծը պահպանվում է: Գտնում են, որ այն կապված է առաջին հերթին գենետիկ նախատրամադրվածության, տարիքի, էնդոկրին համակարգի և հորմոների (անդրոգենների) քանակության խանգարման հետ:
Յուրաքանչյուր երրորդ տղամարդու մտահոգության պատճառը
Տղամարդկանց մոտ առաջացած ճաղատությունը հիմնականում պայմանավորված է տեստոստերոնի փոխակերպմամբ դեհիդրոտեստոստերոնի, որն առաջացնում է մազային պտկիկի ատրոֆիա,մազարմատների մազանոթների սպազմ և սնուցման խանգարում, ինչի հետևանքով մազաթափություն կարող է առաջանալ ինչպես 30, այնպես էլ 60 տարեկանում:
Վահանաձև գեղձի ֆունկցիայի հետ կապված մազաթափություն
Մազերի նորմայից (օրական 60-100 հատ) ավել թափվելը կարող է լինել վահանաձև գեղձի գերֆունկցիայի կամ հակառակը` թերֆունկցիայի արդյունք:
Անհանգստություն, սթրես, զգացմունքային ցնցում
Երկարաձգվող սթրեսային իրավիճակը նույնպես կարող է հանգեցնել մազաթափության:Խորը զգայական ու ֆիզիկական ցնցումները կարող են առատ մազաթափություն առաջացնել նույնիսկ այդ վիճակից 2-3 ամիս անց:
Հղիություն
Կանանց մոտ հղիության ընթացքում երբեմն նկատվում է մազերի որակի ժամանակավոր լավացում:Այդ ընթացքում էստրոգենների քանակի ավելացման շնորհիվ մազերը հրաշալի տեսք են ստանում , սակայն ծննդաբերությունից 2-4 ամիս անց մազաթափություն է սկսվում, կապված էստրոգենների քանակի կարգավորմամբ:
Օջախային ճաղատացում
Խորն ապրումներով հրահրված ճաղատության այս տեսակի դեպքում մազաթափ օջախները կարող են տարբեր չափեր ունենալ: Սա ինքնագրեսիայի հետևանք է: Օրգանիզմը կարծես մազերն ընկալում է, որպես օտար մարմին ու աշխատում ազատվել դրանցից:
Տղամարդու ճաղատություն հիշեցնող մազաթափություն կանանց մոտ
Մազաթափության այս տիպն արական հորմոնի (կնոջ օրգանիզմում այդ հորմոնի քանակը մեծ չէ) ներգործության հետևանք է: Մազաթափության այս տեսակը հանդիպում է 18-44 տարեկան կանանց շրջանում: Իհարկե, լրիվ մազաթափության այն չի հանգեցնում` մազերը բարակում են, այնուհետև աստիճանաբար տեսանելի է դառնում նաև մազաթափ գագաթը: Այս երևույթին զուգահեռ հաճախ նաև սեբորեա է նկատվում:
Դաշտանադադար
Օրգանիզմում իգական` էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մշակման աստիճանական մարումը հանգեցնում է արական հորմոնների քանակի գերակշռմանը: 50 տարին կրիտիկական է համարվում կնոջ համար: Հոգեբանական բնույթի այս խնդրով պայմանավորված սթրեսային վիճակը հաճախ հանգեցնում է մազաթափության:
Քիմիաթերապիա
Քիմիաթերապիայից հետո տեղի է ունենում մազապարկերի աճի կանգ: Մազաթափությունը դադարում, ապա կարգավորվում է թերապիայի ավարտից հետո:
Ուռուցքաբանության մեջ լայն կիրառություն գտած ճառագայթային թերապիան միայն այն դեպքում է հանգեցնում մազերի աճի առումով անդառնալի հետևանքների, եթե ճառագայթումն ուղղված է գլխամաշկի վրա: Հաճախ դրա հետևանքով մազապարկերը վնասվում են, հետևաբար առաջանում է անդառնալի ճաղատացում: